slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արգամ Հովսեփյանը Մինսկում մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

News_Image

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը ապրիլի 24-ին Մինսկում մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Արգամ Հովսեփյանը Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանի, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների և միջոցառմանը հրավիրված այլ հյուրերի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Մինսկի զինվորական գերեզմանոցի տարածքում գտնվող մեծ բարեպաշտ իշխան Ալեքսանդր Նեվսկու եկեղեցուն կից կանգնեցված հայկական խաչքարի մոտ։

Միջոցառման ընթացքում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը երախտագիտություն է հայտնել օրենսդրական մակարդակում Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին՝ միաժամանակ կարևորելով միջազգային հանրության կողմից ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտումը, այլև գործուն միջոցների կիրառումը նման հանցանքների կրկնությունն ապագայում կանխարգելելու համար։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել էր «Պատմական հիշողություն. միասնությամբ ձեռք բերված մեծ հաղթանակ» խորագիրը կրող միջազգային խորհրդարանական համաժողովին, որի շրջանակներում Ա. Հովսեփյանը ներկայացրել էր զեկույց՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում՝ որպես հանցագործություն առանց վաղեմության ժամկետի: Հայ բնակչության զանգվածային բնաջնջման և բռնի տեղահանման հանգեցրած գործողությունների համակարգային նկարագիրը» թեմայով: Չնայած զեկույցը համաժողովի օրակարգից հանելու թուրք-ադրբեջանական ջանքերին, Ա․ Հովսեփյանը Բելառուսի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների պետական գերատեսչությունների և գիտական կազմակերպությունների պատվիրակներին, պատգամավորներին, դեսպաններին և ներկա այլ պաշտոնատար անձանց ներկայացրել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանության, դրա անպատժելիության հետևանքները՝ առանձնակի ընդգծելով մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտմանն ու պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողությունների ձեռնարկման հարցում քաղաքակիրթ աշխարհի միասնական և հասցեական քայլերի իրականացման, ինչպես նաև միջազգային մեխանիզմների լիարժեք գործարկման կարևորությունը՝ որպես պատմական արդարության վերականգնման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման կարևոր մեխանիզմ։

Միջոցառման շրջանակներում մի շարք լրատվամիջոցների մասնակցությամբ ճեպազրույցի ընթացքում էլ Ա․ Հովսեփյանն ընդգծել էր՝ անպատժելիության թելերով Հայոց ցեղասպանության փոխկապակցվածությունը մարդկությանը հայտնի հետագա այլ ժողովուրդների ցեղասպանությունների հետ՝ ի ցույց դնելով կանխարգելման միջազգային մեխանիզմների ոչ լիարժեք ձեռնարկման անդառնալի հետևանքները

25 April 2023